Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Կարեն Կարապետյանը պոկվում է գաղջ մթնոլորտից

Կարեն Կարապետյանը պոկվում է գաղջ մթնոլորտից
04.02.2017 | 15:22

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը նորից գնացել էր Գյումրի: Նա «հանձնել է» Երևանը Սերժ Սարգսյանին և իր ինքնահաստատումը որոշել է սկսել ամենաըմբոստ քաղաքից, որ նաև ամենածանր սոցիալական վիճակում է՝ ըստ գյումրեցիների: Իրականում նույնը իրենց մասին մյուս քաղաքները կարող են ասել ու հաստատել: Բայց Գյումրին իր պատմական անցյալով ու աշխարհագրական դիրքով ունի առավելություններ, որոնցից պետք է օգտվել:

Ի տարբերություն վերջին տասնամյակի վարչապետների, որ բնավ էլ աղքատ չեն եղել, Կարեն Կարապետյանը որոշել է աննախադեպ քայլ անել՝ նրա ընտանիքը Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համար բացված ֆոնդին 500 հազար դոլար ներդրում կանի: Փետրվարի 3-ին, Գյումրիում լրագրողներին նա ասել է. «Իմ ընտանիքը 500 հազար դոլար ներդրում է անելու, թե ինչ միջոցներով՝ իմ դեկլարացիայում ներկայացրել եմ»: Վարչապետը կարծում է, որ Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման համար ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է: «Մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է, որը տարբեր աղբյուրներից է, որտեղ մենք առաջարկելու ենք, որ գյումրեցի սեփականատերերը նույնպես իրենց գույքով մասնակցեն, իրենց գույքը վաճառեն, մենք այդ ծրագիրն իրագործելու ենք: Ի՞նչ ձևով ասեմ, որ ինձ ավելի շատ հավատաք»:


Իր պայծառ լավատեսությունը չկիսող լրագրողներին, որ Շիրակի զարգացման ծրագրի իրագործման երաշխիքներ են պահանջել, Կարեն Կարապետյանն ասել է.
«Ես ի՞նչ պետք է ասեմ, որ դուք դա համարեք երաշխիք, ասում եք՝ երաշխիք տվեք, ի՞նչ ձևով եք պատկերացնում երաշխիքը, ասեք տամ: Մենք եկել ենք, որպեսզի աշխատատեղ ստեղծենք, դուք գիտեք, որ Գյումրիում միանգամից ամեն ինչ փոխելը անհնար է, բոլոր հարցերը միանգամից հնարավոր չէ լուծել»:


Երկու կողմն էլ ճիշտ են՝ պարզապես լրագրողները գիտեն, թե ինչպես են փողերն անհետանում Գյումրիում: Կարեն Կարապետյանը պարզապես գիտի՝ ինչեր կարող է ներդրումն անել, եթե կա ծրագիր, կատարող ու նպատակ:
Նախօրեին Կոտայքում Կարեն Կարապետյանն ասել էր, որ Հայաստանում ընդհանուր ներդրումային փաթեթը 2,4 մլրդ դոլար է և արդեն հստակ են ֆինանսավորման աղբյուրներն ու ոլորտները, փաստացի՝ մնում է ծրագրերն արդյունավետ իրականացնել: Այս տարի՝ 850 մլն դոլարի ուղղակի ներդրում: Իշխանության մեջ մնալու և Հայաստանի երկարամյա վարչապետների ռեկորդը գերազանցելու լուրջ հայտ է սա: Ի տարբերություն վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսության վերականգնման հայտարարությունները կարող են օդում չմնալ՝ կա փող: Եվ կա հաջողության երաշխիք:

Միանգամից առաջանում են սկզբունքային հարցեր.
1. Գյումրին զբոսաշրջության կենտրոն և այլն, և այլն դարձնելը սքանչելի է, բայց կա՞ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերում Հայաստանի մեծ արդյունաբերության վերականգնումը, թե՞ նա ևս, ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր իր պաշտոնավարման ընթացքում հայտարարում՝ Հայաստանը տեսնում է սպասարկման ոլորտ և զբոսաշրջային դրախտ: Ինչո՞վ ավարտվեց շինարարական բումը՝ գիտենք բոլորս: Արտադրության վերականգնումը, հետևաբար արտահանման և ներմուծման հարաբերակցության փոփոխությունը, հետևաբար բյուջեի կառուցվածքի փոփոխությունը, հետևաբար աշխատատեղերի ստեղծումը, հետևաբար արտագաղթի կանխումը և ժողովրդագրական պատկերի փոփոխությունը՝ առաջնահերթ խնդիրներ են, որ 1999-ին սկսել էր վարչապետ Վազգեն Սարգսյանը, շարունակեց վարչապետ Արամ Սարգսյանը 2000-ին, իսկ հետո եկան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և այլք ու ամեն ինչ վերադարձավ կոտրած տաշտակին, որի մեջ լիքը փող կա, բայց մի քանի մարդու համար միայն: Եթե Կարեն Կարապետյանի մտադրությունները հիմնավոր են, նա պիտի սկսի «Նաիրիտի» վերագործարկումից, որը ծանր, դժվար, բայց հեռանկարային է:
2. Կկարողանա՞ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները վեր դասել ներդրողների շահերից, ունի՞ այդ ազատությունը, թե՞ գումարները նրան տրվել են պաշտոնը պահելու ու հանձնարարված ոլորտները միայն զարգացնելու համար:
3. Կունենա՞ վարչապետ Կարեն Կարապետյանը բավարար քաղաքական ժամանակ: Նշանակման առաջին օրից համակարգային դիմադրությունը պաշտոնանկության վերածելու համար Հայաստանում առանձնապես պատճառներ պետք չեն, իսկ պատրվակներ միշտ կան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կարեն Կարապետյանի ամենալուրջ խնդիրը Ռուսաստանի ու Հայաստանի շահերի հավասարակշռության պահպանումն է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը չի ունենալու ինքնուրույն գործելու հնարավորություններ՝ կա շրջանակ, որից դուրս նա ազատություն չի ունենալու, ուրեմն՝ ներդրումները Հայաստանում ռուսական տնտեսական ու քաղաքական շահի պաշտպանության նպատակն ունեն: ՈՒ դա Կարեն Կարապետյան վարչապետի ողբերգությունը կարող է դառնալ:

Դիտվել է՝ 2250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ